Կանոնակարգ
- 1. Ընդհանուր դրույթներ
- 2. Գաղտնիությունը
- 3. Փաստաթղթերի ներկայացման կարգը
- 4. Փաստաթղթերի առաքումը և հանձնումը
- 5. Գործը լսելու լեզուն
- 6. Կիրառելի իրավունքը
- 7. Արբիտրաժային վարույթի սկիզբը
- 8. Հայցադիմումի ձևը և բովանդակությունը
- 9. Արբիտրաժային ծախսերը
- 10. Գործի նախապատրաստումը արբիտրաժային վարույթին
- 11. Հայցի հիմքը կամ առարկան փոխելը, հայցային պահանջների չափը փոփոխելը
- 12. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումը
- 13. Արբիտրի, փորձագետի և թարգմանչի բացարկը
- 14. Արբիտրի իրավասությունների դադարումը
- 15. Արբիտրաժային տրիբունալի փոփոխություն
- 16. Քննություն
- 17. Կողմերի մասնակցությունը
- 18. Հայցի ապահովման միջոցները
- 19. Ապացույցները
- 20. Երրորդ անձանց մասնակցությունը
- 21. Քննության հետաձգումը և վարույթի կասեցումը
- 22. Արբիտրաժային վճիռ
- 23. Վճռի ընդունումը
- 24. Արբիտրաժային տրիբունալի վճռի ձևը և բովանդակությունը
- 24. Վճռի ուղղումը, պարզաբանումը և լրացումը
- 26. Հաշտության համաձայնություն
- 27. Վճռի կատարումը
- 28. Արբիտրաժի ավարտը
- 29. Արբիտրի վարքագծի կանոնները
1. Ընդհանուր դրույթներ
1.1. «Իրավունքի պաշտպան միավորումում հասարակական կազմակերպության առնթեր առևտրային արբիտրաժ» /այսուհետ` առևտրային արբիտրաժ/, Իրավունքի պաշտպան միավորումում ՀԿ–ին առնթեր մշտապես գործող առևտրային արբիտրաժ, որը գործում է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին /այսուհետ` Օրենք/, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, Իրավունքի պաշտպան միավորուրում ՀԿ կանոնադրությանը, սույն Կանոնակարգին /այսուհետ` Կանոնակարգ/ և այլ իրավական ակտերին համապատասխան:
1.2. առևտրային արբիտրաժ կարող է դիմել արբիտրաժային համաձայնության կողմ հանդիսացող ցանկացած անձ:
1.3. Արբիտրաժային տրիբունալը վեճը քննում է Օրենքով և վեճը դատարան հանձնելու պահին գործող Կանոնակարգով սահմանված կարգով։ Կողմերի համաձայնությամբ, չկարգավորված հարցերը քննելիս արբիտրաժային տրիբունալը հետևելով Օրենքի դրույթներին, ելնելով անաչառության և անկողմնակալության սկզբունքից, վարում է քննությունը այնպիսի եղանակով, որը նա գտնում է նպատակահարմար՝ պահպանելով հավասար վերաբերմունք կողմերի նկատմամբ և հնարավորություն տալով կողմերից յուրաքանչյուրին հավասարապես պաշտպանելու իրենց շահերը։
1.4. /Առևտրային արբիտրաժի նախագահի կողմից արբիտր է նշանակվում Արբիտրների ցանկից որևիցե մեկը /որոնց հետ կնքվում է Ծառայությունների մատուցման պայմանագիր/։
1.5. առևտրային արբիտրաժի գտնվելու վայրն է՝ քաղաք Երևան, Վարդանանց 2-րդ փակ. 6շ. թիվ 10, իսկ լսումներն անցկացնելու վայրը՝ քաղաք Երևան, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությամբ։ Արբիտրաժային տրիբունալը, անհրաժեշտության դեպքում, կողմերի հետ խորհրդակցելուց հետո կարող է լսումներն անցկացնել այլ վայրում։ Կողմերի ցանկությամբ լսումների անցկացման այլ վայր սահմանելու դեպքում լսումների վայրի տեղափոխման հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը կատարվում, իսկ այնուհետև բաշխվում են կողմերի միջև Կանոնակարգին համապատասխան:
2. Գաղտնիությունը
2.1. առևտրային արբիտրաժի, արբիտրները և այլ աշխատակիցները պարտավոր են չհրապարակել առևտրային արբիտրաժին հանձնված վեճերի մասին իրենց հայտնի դարձած որևէ տեղեկություն, որոնց հրապարակումը կարող է վնաս հասցնել այլ անձանց։
2.2. Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դատարանի որոշմամբ կամ կողմերի համաձայնությամբ, ապա բոլոր արբիտրաժային վարույթները գաղտնի են և դռնփակ, և ոչ մի փաստաթուղթ կամ ներկայացված այլ ապացույց կամ արբիտրաժային լսումների ժամանակ երբևէ կատարված հայտարարություն չի կարող տրամադրվել այլ անձանց կամ որևէ դատարանի կամ այլ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները տրամադրվում են դատարանի որոշմամբ կամ անհրաժեշտ են դատարանում վարույթի շրջանակներում՝ արբիտրաժի վճռի ճանաչման, հարկադիր կատարման կամ չեղյալ հայտարարման համար։
3. Փաստաթղթերի ներկայացման կարգը
3.1. Արբիտրաժային վարույթին վերաբերող բոլոր փաստաթղթերը կողմերը պետք է ներկայացնեն առևտրային արբիտրաժին 1/մեկ/ օրինակից, բացառությամբ հայցադիմումների, որոնք ներկայացվում են պատասխանողների թվին համապատասխան քանակին գումարած մեկ օրինակից։ Արբիտրաժային տրիբունալի համաձայնությամբ փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև կողմերի համար ընդունելի այլ լեզվով։
4. Փաստաթղթերի առաքումը և հանձնումը
4.1.Արբիտրաժային վարույթի հետ կապված բոլոր փաստաթղթերը կողմերին առաքվում են կողմերի նշած հասցեներով։
4.2. Հասցեի փոփոխության դեպքում կողմերը պարտավոր են այդ մասին անմիջապես հադորդել առևտրային արբիտրաժին։
4.3. Հայցադիմումները, հայցի վերաբերյալ բացատրությունները, հայցադիմումի պատասխանները, ծանուցագրերը, արբիտրաժային վճիռները, որոշումները և այլ փաստաթղթերը առաքվում են պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ։ Այդ փաստաթղթերը կարող են փոխանցվել նաև հեռագրով, ֆաքսով՝ կողմերի նշած հեռախոսահամարներով, էլեկտրոնային (ինտերնետային) հասցեներով կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով, որոնք թույլ են տալիս որոշելու առաքողի և ստացողի ինքնությունը։ Վերը նշված բոլոր փաստաթղթերը կարող են նաև փոխանցվել կամ հանձնվել առձեռն, ինչը պետք է հավաստվի ստացման վերաբերյալ հասցեատիրոջ բնօրինակ մակագրությամբ։
4.4. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա գրավոր հաղորդակցությունը համարվում է ստացված, եթե դա հասցված է անձամբ հասցեատիրոջը կամ նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայր կամ հաղորդակցությունն ապահովող կապի այլ միջոցներով։ Այն դեպքում, երբ ողջամիտ հարցումներ կատարելուց հետո նշված հասցեներից ոչ մեկը չի կարող պարզվել, գրավոր հաղորդակցությունը համարվում Է ստացված, եթե դա ուղարկված Է հասցեատիրոջ՝ ուղարկողին հայտնի վերջին գործունեության վայր, մշտական բնակության կամ հաշվառման վայրի կամ փոստային վերջին հայտնի հասցեով՝ պատվիրված նամակով կամ նշված գրավոր հաղորդակցությունն հասցնելու փորձի գրանցումն ապահովող որևէ այլ ձևով։
5. Գործը լսելու լեզուն
5.1. Գործը լսվում է հայերեն լեզվով։
5.2. Եթե կողմը չի տիրապետում գործը լսելու լեզվին, ապա արբիտրաժային տրիբունալը կողմի խնդրանքով և վերջինիս հաշվին կարող է ապահովել նրան թարգմանչական ծառայություններով։
6. Կիրառելի իրավունքը
6.1. Արբիտրաժային տրիբունալը վեճերը քննում է ՀՀ նյութական իրավունքի նորմերի կիրառմամբ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի արբիտրաժային համաձայնությամբ և ՀՀ օրենսդրությամբ՝ ղեկավարվելով արդարության ընդհանուր սկզբունքներով, սակայն, ամեն դեպքում, չհակասելով Հայաստանի Հանրապետության հանրային կարգին։
7. Արբիտրաժային վարույթի սկիզբը
7.1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա տվյալ վեճի հետ կապված արբիտրաժային վարույթը համարվում է սկսված վեճը առևտրային արբիտրաժին փոխանցելու մասին ծանուցումը պատասխանողի կողմից ստանալու օրը։
8. Հայցադիմումի ձևը և բովանդակությունը
8.1. Հայցադիմումը պետք է պարունակի.
ա) առևտրային արբիտրաժի անվանումը,
բ) հղում արբիտրաժային համաձայնությանը, որի բնօրինակը կամ պատշաճ ձևով վավերացված պատճենը պետք է ներկայացվի հայցադիմումին կից,
գ) Կողմերի և նրանց ներկայացուցիչների անունները, անվանումները,
դ) այն փաստական հանգամանքների շարադրումը, որոնց վրա հիմնված է հայցապահանջը.
ե) հայցվորի պահանջների նկարգրությունը՝ հղում կատարելով օրենքի, այլ իրավական ակտերի և պայմանագրի դրույթների վրա, որոնցով հայցվորը հիմնավորում է իր հայցապահանջները,
զ) հայցապահանջները հիմնավորող ապացույցները, որոնք հաստատում են այդ հանգամանքները,
է) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման,
ը) սույն կանոնակարգով նախատեսված դեպքերում արբիտրի անունը և ազգանունը, որին ընտրել է հայցվորը
թ) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները։
8.2. Հայցադիմումին կից ներկայացվում է նաև Արբիտրաժի մասին օրենքով սահմանված կարգով հաշվարկված արբիտրաժային վճարների վճարումը հավաստող փաստաթղթերը։
8.3. Հայցադիմումը պետք է ստորագրված լինի հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից՝ կից ներկայացնելով ներկայացուցչի լիազորագիրը։
9. Արբիտրաժային ծախսերը
9.1. Արբիտրաժային ծախսերը ներառում են. արբիտրաժային վճարը, գործի քննության հետ կապված լրացուցիչ ծախսերը։
10. Գործի նախապատրաստումը արբիտրաժային վարույթին
10.1. Պատասխանողը հայցադիմումը ստանալու օրվանից երկշաբաթյա ընթացքում առևտրային արբիտրաժային դատարանին ուղարկել հայցադիմումի պատասխան՝ շարադրելով հայցվորի կողմից գործը առևտրային արբիտրաժին հանձնելու վերաբերյալ իր տեսակետը և/կամ ներկայացված պահանջների վերաբերյալ իր դիրքորոշումը։
10.2. Հայցադիմումի պատասխանում պատասխանողը պարտավոր Է հանգամանորեն շարադրել, թե փաստական և իրավական հանգամանքներից որոնք Է ընդունում և որոնց դեմ է առարկում և ինչ հիմքերով Է դրանց դեմ առարկում։
10.3. Եթե պատասխանողը ցանկանամ Է առարկություններ ներկայացնել արբիտրաժային համաձայնության վավերության կամ կիրառելի լինելու վերաբերյալ, ապա վերջինս պարտավոր Է այդ մասին շարադրել առևտրային արբիտրաժին ուղղված իր պատասխանի մեջ՝ միաժամանակ նշելով հիմնավորումները։
10.4. Հայցադիմումի պատասխանին կից պետք Է ներկայացվեն բոլոր այն ապացույցները, որոնցով պատասխանողը հիմնավորում Է իր առարկությունների հիմքում ընկած հանգամանքները։
10.5. Հայցադիմումի պատասխանի փոխարեն պատասխանողը կարող Է առևտրային արբիտրաժին ներկայացնել հակընդդեմ հայցադիմում։ Հակընդդեմ հայցադիմումը պետք է ներկայացվի հայցադիմումի ներկայացման համար Կանոնակարգով սահմանված կարգով:
10.6. Եթե պատասխանողի կողմից ներկայացվում Է հակընդդեմ հայցադիմում, ապա հակընդդեմ հայցադիմումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում հայցվորը արբիտրաժային տրիբունալին կարող Է ներկայացնել հակընդդեմ հայցադիմումի պատասխան: Հակընդդեմ հայցադիմումի պատասխանին կից պետք Է ներկայացվեն բոլոր այն ապացույցները, որոնցով հայցվորը հիմնավորում Է իր առարկությունների հիմքում ընկած հանգամանքները։ Հակընդդեմ հայցադիմումը քննվում է սկգբնական հայցադիմումը քննող արբիտրաժային տրիբունալի կողմից։
10.7. Սահմանված ժամկետներում կողմերի կողմից համապատասխան դիրքորոշում չներկայացնելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ առևտրային արբիտրաժի կողմից վարույթը Կանոնակարգի համաձայն շարունակելու համար։
11. Հայցի հիմքը կամ առարկան փոխելը, հայցային պահանջների չափը փոփոխելը
11.1. Հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի առարկան կամ հիմքերը, նվազեցնելու կամ ավելացնելու հայցային պահանջների չափը մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննությունն ավարտված հայտարարելը։ Ընդ որում, հայցի հիմքն ու առարկան չեն կարող փոփոխել այնպես, որ հայցապահանջները դուրս գան արբիտրաժային համաձայնության շրջանակներից։
11.2. Հայցային պահանջներն ավելացնելու դեպքում հայցվորը պարտավոր Է հայցային պահանջներն ավելացնելու վերաբերյալ դիմումին կից ներկայացնել հայցապահանջների ավելացված մասին համապատասխանող արբիտրաժային վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը։ Նշված փաստաթուղթը չներկայացնելու դեպքում դիմումը վերադարձվում է հայցվորին և հայցային պահանջները համարվում են չավելացված։
11.3. Հայցապահանջների փոփոխությունը չի հանգեցնում արբիտրաժային տրիբունալի փոփոխության և գործի քննությունը շարունակվում է նույն արբիտրաժային տրիբունալի կողմից, անկախ հայցապահանջի չափից:
12. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումը
12.1. Վեճը քննող արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է միանձնյա արբիտրի կազմով, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությամբ: Կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությամբ ցանկացած վեճ կարող է լուծվել միանձնյա արբիտրաժային տրիբունալի կողմից:
Այն դեպքերում, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությամբ, անկողմնակայաթյան և անաչառության սկզբունքից ելնելով՝ արբիտրաժային տրիբունալը նախագահող միանձնյա արբիտր Է դառնում առևտրային արբիտրաժի նախագահի կողմից վաղօրոք հաստատված արբիտրների ցանկից նշանակված արբիտրը, կախված իր և մնացած արբիտրների ծանրաբեռնվածության, եթե Հայցվորը մինչև գործն արբիտրաժային վարույթ ընդունելը չի ընտրում արբիտր:
13. Արբիտրի, փորձագետի և թարգմանչի բացարկը
13.1. Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի բացարկ հայտնելու արբիտրին, եթե առկա են հանգամանքներ, ոոոնք հիմնավոր կասկած են հարուցում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ:
13.2. Բացարկի մասին կողմերի գրավոր դիմումները, որոնցում շարադրված են բացարկը հիմնավորող հանգամանքները, պետք է ներկայացվեն երկշաբաթյա ժամկետում, այն բանից հետո, երբ կողմը տեղյակ է եղել արբիտրաժային տրիբունալի ձևավորման մասին, կամ այն բանից հետո հնօրյա ժամկետում, երբ կողմը տեղյակ է եղել այնպիսի հանգամանքների մասին, որոնք բացարկի հիմք կարող են հանդիսանալ։
13.3. Կանոնակարգի 14.2 կետով նախատեսված ժամկետից ուշ բացարկի մասին հայտարարաթյուն անելու դեպքում հայտարարությունը քննարկվում է ժամկետը հարգելի պատճառով թաց թողնելու դեպքում։
13.4. Եթե արբիտրը, որին բացարկ Է հայտնվել, ինքնաբացարկ չի հայտնում, կամ մյուս կողմը չի համաձայնվում բացարկին, ապա բացարկի հարցը որոշում է առևտրային արբիտրաժի նախագահը:
13.5. Եթե հայտնված բացարկը մերժվում Է, ապա բացարկ հայտնած կողմը բացարկի մերժման մասին որոշումը ստանալուց հետո՝ 30–օրյա ժամկետում, կարող Է դիմել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարան՝ բացարկի վերաբերյալ որոշում ընդունելու խնդրանքով, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ: Քանի դեռ կողմի նման դիմումի վերաբերյալ որոշում ընդունված չէ, արբիտրաժային տրիբունալը, ներառյալ՝ այն արբիտրը, որին բացարկ է հայտնվել, կարող է շարունակել արբիտրաժային վարույթը և վճիռ կայացնել:
13.6. Արբիտրն իր հայեցողությամբ կարող է նաև ինքնաբացարկ հայտարարել:
13.7. Բացարկներ կարող են հայտնվել նաև վարույթին մասնակցող փորձագետներին և թարգմանիչներին: Այս դեպքում բացարկի հարցը որոշում Է արբիտրաժային տրիբունալը:
14. Արբիտրի իրավասությունների դադարումը
14.1. Այն դեպքում, երբ արբիտրն ի վիճակի չէ կատարելու կամ այլ պատճառներով չի կատարում իր գործառույթներն առանց անհարկի ձգձգման, նրա լիազորությունները դադարում են՝ ինքնաբացարկ հայտնելով, կամ երբ կողմերը համաձայնվում են նրա լիազորությունների դադարեցման մասին։
14.2. Այն դեպքերում, երբ առկա են տարաձայնություններ Կանոնակարգի 14.1 կետի հիմքերից որևէ մեկի վերաբերյալ, արբիտրի լիազորությունների դադարեցման հարցը լուծելու նպատակով կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել ք. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի կայացրած դատական ակտը բողոքարկման ենթակա չէ։
15. Արբիտրաժային տրիբունալի փոփոխություն
15.1. Եթե արբիտրին բացարկ է հայտնվել կամ այլ պատճառներով նա չի կարող մասնակցել գործի վարույթին, ապա փոխարինող արբիտր նշանակվում է առևտրային արբիտրաժի նախագահի որոշմամբ։
15.2. Անհրաժեշտության դեպքում կամ հաշվի առնելով կողմերի կարծիքները փոփոխված արբիտրաժային տրիբունալը կարող է վերանայել արբիտրաժային վարույթի հետ կապված այն հարցերը, որոնք քննարկվել են նախկինում՝ մինչև փոխարինման կատարումը։
16. Քննություն
16.1. Գործի քննությունը արբիտրաժային տրիբունալի որոշմամբ բանավոր լսումների հիման վրա անցկացնելու դեպքում հայցադիմումի պատասխանը կամ հակընդդեմ հայցադիմում ներկայացվելու դեպքում հակըննդեմ հայցադիմումի պատասխանը առևտրային արբիտրաժային դատարանի կողմից ստանալուց կամ հայցադիմումի պատասխանի կամ հակըննդեմ հայցադիմումի պատասխանի ներկայացման համար Կանոնակարգով սահմանված ժամկետը լրանալուց հետո անց են կացվում բանավոր լսումներ։
16.2. Քննության առաջին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին կողմերը տեղեկանում են ծանուցագրերով, որոնք կողմերին պետք է ուղարկվեն այնպիսի հաշվարկով, որ յուրաքանչյուր կողմը, ծանուցագիրը ստանալուց հետո, իր տնօրինության տակ ունենա ոչ պակաս հինգ օր՝ լսումներին պատրաստվելու և ներկայանալու համար։ Կողմերի համաձայնությամբ այդ ժամկետը կարող է սահմանվել հստակ օրերի քանակով։
16.3. Գործի քննությունն անց է կացվում դռնփակ։ Արբիտրաժային տրիբունալի թույլտվությամբ և կողմերի համաձայնությամբ գործի քննությանը կարող են ներկա գտնվել արբիտրաժային վարույթին չմասնակցող անձինք։
16.4. Եթե արբիտրաժային վարույթի ընթացքում արբիտրներից մեկը փոխարինվում է, ապա նոր ձևավորված արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում, թե անհրաժեշտ է արդյոք կրկնել նախորդ նիստերը և եթե անհրաժեշտ է, ապա՝ ամբողջությամբ, թե մասամբ։
16.5. Հետագա բանավոր քննության նիստերի անցկացման անհրաժեշտության դեպքում դրանց անցկացման ժամկետը նշանակվում է արբիտրաժային տրիբունալի կողմից՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, որի վերաբերյալ կողմերը ծանուցվում են տեղում՝ համապատասխան ստորագրությամբ, կամ Կանոնակարգով սահմանված կարգով։
17. Կողմերի մասնակցությունը
17.1. Կողմերը կարող են իրենց գործերը վարել անմիջականորեն (անձամբ) կամ պատշաճ լիազորված ներկայացուցիչների միջոցով։
17.2. Գործի քննության ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ վարույթի իրականացման և գործով վճռի կայացման համար, բացառությամբ, երբ չներկայացած կողմը գրավոր ձևով ներկայացրել է միջնորդություն հարգելի պատճառով գործի քննությունը հետաձգելու համար։
17.3. Կողմը կարող է պատշաճ ձևակերպված գրավոր միջնորդություն ներկայացնել գործն իր բացակայությամբ՝ գործում առկա փաստաթղթերի հիման վրա քննելու վերաբերյալ։
18. Հայցի ապահովման միջոցները
18.1. Արբիտրաժային տրիբունալը կողմերից յուրաքանչյուրի միջնորդությամբ կարող է որոշում կայացնել հայցի ապահովման այնպիսի միջոցներ կիրառելու վերաբերյաւ, որոնք նա գտնի անհրաժեշտ՝ հաշվի առնելով վեճի առարկան։
18.2. Արբիտրաժային տրիբունալը կարող է ցանկացած կողմից պահանջել տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող ապահովում՝ հայցի ապահովման միջոցների կիրառմամբ մյուս կողմին պատճառվելիք հնարավոր վնասների կանխման կամ հատուցման նպատակով։
18.3. Արբիտրաժային տրիբունալը կարող է կողմի միջնորդությամբ վերացնել իր կողմից կիրառված հայցի ապահովման միջոցները։
18.4. Կանոնակարգի 18.1 և 18.3 կետերում նախատեսված որոշումներն ամրագրվում են միջանկյալ վճիռների ձևով։
18.5. Հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին արբիտրաժային տրբունալի միջանկյալ վճիռը Պատասխանողին ուղարկվում (հանձնվում) է այդ միջանկյալ վճռի կատարումից հետո։
19. Ապացույցները
19.1. Կողմերը պարտավոր են ապացուցել իրենց պահանջների կամ առարկությունների հիմքում ընկած հանգամանքները։
19.2. Արբիտրաժային տրիբունալը կարող է կողմերից պահանջել ներկայացնել նաև այլ ապացույցներ։
19.3. Արբիտրաժային տրիբունալն իրավասու է նաև իր հայեցողաթյամբ փորձաքննություն նշանակել և դիմել երրորդ անձանց՝ ապացույցներ ներկայացնելու համար, ինչպես նաև հրավիրել և լսել վկաների։
19.4. Կողմը պարտավոր է ներկայացնել գրավոր ապացույցների բնօրինակները կամ դրա պատշաճ վավերացված պատճենները։
19.5. Գործի քննության շահերից ելնելով արբիտրաժային տրիբունալն իրավասու է պահանջել նշված ապացույցների թարգմանությունն այլ լեզվով։
19.6. Ապացույցների ստուգումը (ուսումնասիրությունը, զննումը) իրականացվում է արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված եղանակով։
19.7. Ապացույցների գնահատումը արբիտրների կողմից իրականացվում է իրենց ներքին համոզմամբ:
19.8. Կողմի՝ անհրաժեշտ ապացույցներ չտրամադրելը չի խոչընդոտում արբիտրաժային տրիբունալին շարունակել վարույթը և վճիռ կայացնել իր տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա։
20. Երրորդ անձանց մասնակցությունը
20.1. Երրորդ անձի ներգրավվումը արբիտրաժային վարույթին թույլատրվում է վիճող կողմերի միջնորդությամբ կամ արբիտրաժային տրիբունալի որոշմամբ։
21. Քննության հետաձգումը և վարույթի կասեցումը
21.1. Անհրաժեշտության դեպքում, արբիտրաժային տրիբունալի որոշմամբ, գործի քննությունը կարող է հետաձգվել կամ վարույթը կարող է կասեցվել։
21.2. Գործի քննության հետաձգման կամ արբիտրաժային վարույթի կասեցման վերաբերյալ կայացվում է որոշում։
22. Արբիտրաժային վճիռ
22.1. Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է կայացվի գրավոր:
23. Վճռի ընդունումը
23.1. Գործի քննության արդյունքում ընդունվում է արբիտրաժային տրիբունալի վճիռը, որն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
23.2. Արբիտրաժային տրիբունալի վճիռը ընդունման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին և երրորդ անձանց։
23.3. Արբիտրաժային տրիբունալը կարող է անցկացնել լրացուցիչ քննություն, եթե դա բխում է վեճի ճիշտ լուծման շահերից։
24. Արբիտրաժային տրիբունալի վճռի ձևը և բովանդակությունը
24.1. Վճիռը պետք է կայացվի գրավոր։ Վճռում պետք է նշվի. - Առևտրային արբիտրաժի անվանումը, - գործի համարը, - վճռի կայացման ամսաթիվը և վայրը, - /արբիտրի/ արբիտրների անունները և ազգանունները, - վիճող կողմերի և արբիտրաժի վարույթին մասնակցող այլ անձանց անվանումները, - վեճի առարկան և գործի հանգամանքների հակիրճ նկարագրությունը և պատճառաբանությունները, որոնց վրա հիմնված է վճիռը,
24.2. Արբիտրաժային վճիռը պետք է ստորագրվի տրիբունալի բոլոր անդամների կողմից։
25. Վճռի ուղղումը, պարզաբանումը և լրացումը
25.1. Ցանկացած կողմ, տեղեկացնելով մյուսին, կարող է արբիտրաժային վճիռը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում դիմել արբիտրաժային տրիբունալին` խնդրելով ուղղել վճռում առկա հաշվարկներում թույլ տրված սխալները և/կամ վրիպակները: Արբիտրաժային տրիբունալը կողմի դիմումը հիմնավոր գտնելու դեպքում այն ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում կատարում է համապատասխան ուղղումներ կամ տալիս պարզաբանումներ: Նման ուղղումներ կարող են կատարվել նաև արբիտրաժային տրիբունալի կողմից սեփական նախաձեռնությամբ` երեսունօրյա ժամկետում, հաշված վճիռը կողմերին ուղարկելու օրվանից: Կողմերից յուրաքանչյուրը, տեղեկացնելով մյուս կողմին, արբիտրաժային վճիռը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում կարող է դիմել արբիտրաժային տրիբունալին` վճռի որևէ կոնկրետ կետ կամ մաս պարզաբանելու համար: Եթե արբիտրաժային տրիբունալը հիմնավոր է համարում այդպիսի դիմումը, ապա դրա ստացումից հետո երեսուն օրվա ընթացքում տալիս է անհրաժեշտ պարզաբանումներ: Կողմերից յուրաքանչյուրը, մյուս կողմին տեղյակ պահելով, կարող է արբիտրաժային վճիռը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում դիմել արբիտրաժային տրիբունալին կայացնելու լրացուցիչ վճիռ այն պահանջների վերաբերյալ, որոնք պատշաճ կերպով ներկայացվել են արբիտրաժային վարույթում, սակայն վճռում չեն արտացոլվել: Եթե արբիտրաժային տրիբունալը հիմնավոր համարի այդ դիմումը, ապա պարտավոր է այն ստանալուց հետո վաթսունօրյա ժամկետում կայացնել լրացուցիչ վճիռ: Անհրաժեշտության դեպքում արբիտրաժային տրիբունալը կարող է երկարաձգել Կանոնակարգի 30-րդ գլխում նշված ժամկետները: Վճիռների ուղղման և պարզաբանման մասին որոշումները, ինչպես նաև լրացուցիչ վճիռը հանդիսանում են արբիտրաժային վճռի բաղկացուցիչ մաս:
26. Հաշտության համաձայնություն
26.1. Եթե արբիտրաժային վարույթի ընթացքում կողմերը հաշտությամբ լուծում են վեճը, ապա արբիտրաժային տրիբունալը առարկությունների բացակայության դեպքում համաձայնեցված պայմաններում կայացնում է վճիռ՝ հաստատելով կողմերի կնքած հաշտության համաձայնությունը: Ընդ որում, արբիտրաժային տրիբունալը կողմերին պարզաբանում է հաշտության համաձայնության իրավական հետևանքները:
26.2. Կողմերի կնքած հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում, արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը:
26.3. Կողմերի կնքած հաշտության համաձայնության վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի վճիռը ունի նույն կարգավիճակը և ուժը, ինչպես արբիտրաժային տրիբունալի կողմից ըստ գործի էության կայացվող ցանկացած այլ վճիռ:
27. Վճռի կատարումը
27.1. Արբիտրաժային տրիբունալի վճիռները պարտադիր են կողմերի համար և ենթական չեն բողոքարկման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
27.2. Արբիտրաժային տրիբունալի վճիռները կողմերը կատարում են կամավոր` վճռում նշված ժամկետում: Եթե վճռում նշված չէ դրա կատարման ժամկետը, ապա այն ենթակա է անհապաղ կատարման:
27.3. Արբիտրաժային տրիբունալի վճռում նշված ժամկետում կամավոր չկատարված վճիռները ի կատար են ածվում հարկադիր կարգով` Օրենքին և միջազգային պայմանագրերին համապատասխան:
28. Արբիտրաժի ավարտը
28.1. Արբիտրաժն ավարտվում է արբիտրաժային տրիբունալի կողմից վճռի կամ արբիտրաժի ավարտի վերաբերյալ որոշման կայացմամբ:
28.2. Արբիտրաժի ավարտի վերաբերյալ որոշումը կայացվում է.
29. Արբիտրի վարքագծի կանոնները
29.1. Արբիտրը պարտավոր է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին:
29.2. Արդարադատություն իրականացնելիս արբիտրը պարտավոր է՝
Ա. Քննել և լուծել օրենքով իր իրավասության վերապահված հարցերը, բացառությամբ ինքնաբացարկ հայտնլու հիմքեր պարունակող դեպքերում:
Բ. Գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն.
Գ. Թույլ չտալ որ իր վրա ներազդեն թաքնված շահերը, հասարակական դժգոհությունը կամ քննադատված լինելու վախը:
Դ. Իր պարտականություններն իրականացնել անկողմնակալ:
Ե. Արբիտրը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչներն արմատավորելուն՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այպես էլ հետամուտ լինելով իր գործնկերների և/կամ իր ենթակայության տակ գտնվող անձանց կողմից դրանք պահպանելուն: