Արբիտրների Բարձրագույն Դպրոց

          «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 24.01.2003 թվականին: Անդամները փաստաբաններ և իրավաբաններ են, որոնք իրենց միջոցներով ստեղծել են առևտրային արբիտրաժ և 2003-2004 թվականներին համատեղ ծրագրեր են իրականացրել USAID World Learning, 2005-2006 USAID Eurasia հիմնադրամների հետ: Հասարակական կազմակերպության և իր անդամների գլխավոր նպատակն է եղել արբիտրաժի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, որի իրականացման համար 2007 թվականին կազմակերպությանն առնթեր ստեղծվել է Արբիտրների Բարձրագույն Դպրոց, ուր ընդունվել են և կարող են ընդունվել իրավաբանական կրթություն ունեցող 25 տարեկանից բարձր անձինք:

          Արբիտրաժի կայացման համար անհրաժեշտ է վստահություն դրա նկատմամբ, ինչը հնարավոր է պրոֆեսիոնալ մասնագետների առկայության դեպքում: Հայաստանի Հանրապետությունում դեռևս շատ քիչ են վստահում վեճերի լուծումը արբիտրաժին, քանի որ հասարակությունը բավարար չափով տեղեկացված չէ արբիտրաժի էության, գործունեության բնույթի, առավելությունների վերաբերյալ, և չկան համապատասխան գիտելիքներ և կրթություն ունեցող մասնագետներ:

          Ի վերջո, արբիտրը ևս արդարադատություն է իրականացնում, ով այլ զարգացած պետություններում՝ ինչպիսիք են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, Գերմանիան և եվրոպական այլ երկրներ, ունի դատավորի կարգավիճակ, և քանի որ արբիտրաժը այդ երկրներում բավականին լայն կիրառություն ունի, ուստի այն զգալիորեն բեռնաթափում է ընդհանուր իրավասության դատարանները և ավելի արդյունավետ ու սեղմ ժամկետներում է լուծում վեճերը: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում կոմերցիոն բնույթի վեճերի մոտ 60% քննվում է արբիտրաժային դատարանի կողմից, իսկ Լոնդոնի Միջազգային Արբիտրաժային Դատարանը (LCIA) համարվում է հնագույն միջնորդ դատարանը, որը ստեղծվել է 1892թ.: Այն քննում է բոլոր տեսակի առևտրային վեճերը: Օրենսդրությունը և Լոնդոնի Միջազգային Արբիտրաժային Դատարանի (LCIA) կողմից ստեղծված պրակտիկայի ծավալը մեծ հետաքրքրություն է առաջացնում առանձին կատեգորիայի վեճերի լուծման իրենց յուրատեսակ եղանակով:

          Այդ ամենն այն բանի շնորհիվ է, որ արբիտրաժի նկատմամբ կա վստահություն, ինչը պայմանավորված է որակյալ մասնագետների առկայությամբ, որոնք պատրաստվում են բարձր որակավորում ապահովող նեղ մասնագիտական հաստատություններում:

          Օրինակ, Գերմանիայում վերջին տարիների ընթացքում համալսարաններին կից ստեղծվել են մի շարք ինստիտուտներ, որոնք մասնագիտացված են արբիտրաժի գործունեության ուսումնասիրության մեջ, դրանցից են Հայդելբերգի միջազգային վեճերի լուծման կենտրոնը (Heidelberg Centre for International Dispute Resolution), Անդրազգային Իրավունքի Կենտրոնը (Center for Transnational Law), Եվրոպական և Միջազգային համագործակցության իրավական ինստիտուտը (Rechtsinstitut für europäische und internationale Zusammenarbeit – RIZ):

          Ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանի Հանրապետությունում արբիտրներն ինքնուս են, ընդ որում «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ: Հետևաբար յուրաքանչյուր ոք, ում գործունակությունը և տարիքը կբավարարեն սույն օրենքով ներկայացվող պահանջներին, կարող է իրականացնել արդարադատություն, ինչը սակայն արդարադատություն իրականացնելու համար բավարար չէ: Օրինակ, դատավորներ պատրաստելու համար, ովքեր նույնպես արդարադատություն են իրականացնում, Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է արդարադատության ակադեմիա՝ ապագա դատավորների մոտ մասնագիտական գիտելիքների ընդլայնման և անհրաժեշտ հմտությունների ձևավորման համար: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ արբիտրն էլ է դատավոր, ապա նույն նպատակով արբիտրներն էլ պետք է պատրաստվեն իրենց համար ստեղծված համապատասխան դպրոցում:

          Դպրոցի ստեղծումը պայմանավորված է գործերի պրոֆեսիոնալ և արագ լուծման համար որակյալ մասնագետներ ունենալու անհրաժեշտությամբ: Միայն որակյալ մասնագետների առկայության դեպքում է հնարավոր արբիտրաժի նկատմամբ վստահության ձեռքբերում:

          Մեր Դպրոցի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա իմանալու համար կարող եք այցելել մեր պաշտոնական կայքէջ՝

www.arbitrs.am